Աստվածաշունչ Bible
Статистика- Последний пост
- 11 авг.
- Последнее чтение
- 14 авг.
- Постов за неделю
- 0
- Всего постов
- 20
- Тип
- открытый
- Язык
- турецкий
- В каталоге с
- 14 авг.
- 1/24сутки в ленте
- 44
- 1/48двое суток
- 50
- 1/72трое суток
- 54
Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.
Посты
ՓՈՐՁ ԵՒ ՓՈՐՁՈՒԹԻՒՆ ՅԱԿՈԲՈՍ 1:13 Ոչ ոք, երբ փորձութեան մէջ լինի, թող չասի. «Աստծուց եմ փորձւում», քանի որ Աստուած չարից չի փորձւում եւ ինքն էլ չի փորձում ոչ ոքի: 14 Իւրաքանչիւր ոք փորձւում է՝ հրապուրուելով եւ խաբուելով իր ցանկութիւններից: 15 Այնուհետեւ ցանկութիւնը, յղանալով, մեղք է ծնում, եւ մեղքը, հասունանալով, մահ է ծնում: 16 Իմ սիրելի՛ եղբայրներ, մի՛ խաբուէք, 17 քանի որ ամէն բարի շնորհ եւ ամէն կատարեալ պարգեւ վերեւից է՝ իջած լոյսի Հօրից, որի մէջ չկայ փոփոխում կամ էլ փոփոխման ստուեր: 18 Նա իր կամքով ծնեց մեզ ճշմարտութեան խօսքով, որպէսզի մենք լինենք իր ստեղծածների պտուղը: ԱՍՏԾՈՒ ԽՕՍՔԸ ԼՍՈՂՆԵՐ ԵՒ ԿԱՏԱՐՈՂՆԵՐ 19 Իմ սիրելի՛ եղբայրներ, իմացէ՛ք այս բանը. թող ամէն մարդ արագ լինի լսելու մէջ, ծանր՝ խօսելու մէջ եւ ծանր՝ բարկանալու մէջ. 20 որովհետեւ մարդու բարկութիւնը Աստծու արդարութիւնը չի կատարում: 21 Ահա թէ ինչու, դէ՛ն գցելով ամենայն աղտեղութիւն եւ չարիքի աւելցուկ, հեզութեա՛մբ ընդունեցէք ձեր մէջ սերմանուած խօսքը, որ կարող է փրկել ձեր հոգիները: 22 Խօսքը կատարողնե՛ր եղէք եւ ոչ թէ միայն այն լսողներ համարեցէք դուք ձեզ (Յունարէնն աւելացնում է՝ դուք ձեզ խաբելով). 23 քանի որ, եթէ մէկը միայն լսող լինի խօսքը եւ ոչ կատարող, նա նման է մի մարդու, որ ակնապիշ դիտում է հայելու մէջ իր բնական դէմքը: 24 Նայելով՝ տեսնում է ինքն իրեն, անցնում գնում է եւ անմիջապէս մոռանում, թէ ինչպիսին էր ինքը: 25 Իսկ ով աչքերը յառած նայում է ազատութեան կատարեալ օրէնքին եւ դրա մէջ էլ յարատեւում, նա լսում է, չի մոռանում, այլ այն կատարում է. այդպիսի մէկը իր արածի մէջ երանութիւն կը գտնի: 26 Եթէ մէկն ուզում է բարեպաշտ լինել եւ չի սանձահարում իր լեզուն, այլ զբաղեցնում է իր սիրտը, այդպիսի մէկի համար զուր է բարեպաշտութիւնը: 27 Սուրբ եւ անարատ բարեպաշտութիւնը Աստծու եւ Հօր առաջ այս է. այցելել որբերին եւ այրիներին իրենց նեղութեան մէջ, անարատ պահել իր անձը աշխարհից:
ՀԱՐՈՒՍՏ ԻՇԽԱՆԱՒՈՐԸ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 18:18 Մի իշխանաւոր նրան հարցրեց եւ ասաց. «Բարի՛ Վարդապետ, ի՞նչ պիտի անեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»: 19 Յիսուս նրան ասաց. «Ինչո՞ւ ինձ բարի ես կոչում. ոչ ոք բարի չէ, այլ միայն՝ Աստուած: 20 Պատուիրանները գիտես՝ մի՛ շնացիր, մի՛ սպանիր, մի՛ գողացիր, սուտ մի՛ վկայիր, մեծարի՛ր քո հօրը եւ մօրը»: 21 Եւ նա ասաց. «Այդ բոլորը պահել եմ իմ մանկութիւնից»: 22 Երբ Յիսուս այս լսեց, ասաց նրան. «Դեռ մի բան պակաս է քեզ. ինչ որ ունես, վաճառի՛ր եւ տո՛ւր աղքատներին եւ երկնքում գանձեր կ՚ունենաս, եւ արի՛ իմ յետեւից»: 23 Երբ նա այս լսեց, տրտմեց, որովհետեւ չափազանց հարուստ էր: 24 Երբ Յիսուս նրան տեսաւ տրտմած, ասաց. «Ինչքա՜ն դժուարութեամբ Աստծու արքայութիւնը կը մտնեն նրանք, որոնք հարստութիւն ունեն: 25 Աւելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակից անցնի, քան թէ մի մեծահարուստ Աստծու արքայութիւնը մտնի»: 26 Եւ նրանք, որ լսեցին, ասացին. «Իսկ ո՞վ կարող է փրկուել»: 27 Եւ նա ասաց. «Ինչ որ անհնար է մարդկանց համար, Աստծու համար հնարաւոր է»: 28 Եւ Պետրոսն ասաց. «Ահա մենք մեր ամէն ինչը թողեցինք եւ եկանք քո յետեւից»: 29 Եւ Յիսուս ասաց նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, չկայ մէկը, որ թողած լինի տունը, կամ ծնողներին, կամ եղբայրներին, կամ կնոջը, կամ զաւակներին՝ Աստծու արքայութեան համար, 30 եւ այս ներկայ ժամանակում բազմապատիկ չստանայ ու յաւիտենական կեանքը չժառանգի այն աշխարհում, որ գալու է»:
ՅԻՍՈՒՍ ՕՐՀՆՈՒՄ Է ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 18:15 Մանուկներին էլ մօտեցնում էին նրան, որպէսզի նրանց դիպչի. երբ աշակերտները այդ տեսան, սաստեցին բերողներին: 16 Իսկ Յիսուս կանչելով մանուկներին իր մօտ՝ ասաց. «Թո՛յլ տուէք այդ մանուկներին, որ ինձ մօտ գան, եւ մի՛ արգելէք նրանց, որովհետեւ այդպիսիներինն է Աստծու արքայութիւնը: 17 Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ Աստծու արքայութիւնը չընդունի ինչպէս մի մանուկ, այնտեղ չի մտնի»:
26 Յովաբը Ռաբաթում պատերազմում էր ամոնացիների դէմ եւ գրեթէ գրաւել էր թագաւորանիստ քաղաքը: 27 Յովաբը պատգամաբերներ ուղարկեց Դաւթին՝ ասելով. 28 «Ռաբաթի դէմ պատերազմել եմ եւ գրաւել ջրերի քաղաքը: Արդ, հաւաքի՛ր մնացած ժողովրդին, քաղաքի դիմաց բանա՛կ դիր ու գրաւի՛ր այն, որպէսզի ե՛ս գրաւած չլինեմ քաղաքը, եւ իմ անունը չկապուի դրա հետ»: 29 Դաւիթը հաւաքեց ամբողջ ժողովրդին, գնաց Ռաբաթ ու պատերազմելով գրաւեց այն: 30 Նա նրանց թագաւոր Մեղքոմի գլխից վերցրեց թագը, որի քաշը մի տաղանդ (Շուրջ երեսուն կիլոգրամ) ոսկի էր եւ զարդարուած էր թակարժէք քարերով: Դա դրեցին Դաւթի գլխին: Նա քաղաքից խիստ շատ աւար տարաւ: 31 Նա դուրս հանեց այդտեղի ժողովրդին, նրանց լծեց սղոցի ու երկաթէ կացինների աշխատանքների, գործի դրեց աղիւսի փռում: Նա այսպէս վարուեց նաեւ ամոնացիների բոլոր քաղաքներում: Դաւիթն ու ամբողջ ժողովուրդը դրանից յետոյ վերադարձան Երուսաղէմ:
ՆԱԹԱՆԻ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ԵՒ ԴԱՒԹԻ ԶՂՋՈՒՄԸ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Բ 12:1 Տէրը Նաթան մարգարէին ուղարկեց Դաւթի մօտ: Սա, գալով նրա մօտ, ասաց. «Մի քաղաքում երկու մարդ կար. մէկը հարուստ էր, միւսն՝ աղքատ: 2 Հարուստն ունէր շատ ու շատ հօտեր ու նախիրներ, իսկ աղքատը ոչինչ չունէր, բացի մի փոքրիկ էգ գառնուկից, որը ծախու էր առել ու պահում էր: 3 Գառնուկը մեծացաւ նրա ու նրա որդիների հետ: Նա ուտում էր նրա հացից, նրա բաժակից խմում, նրա ծոցում էր քնում. 4 դա կարծես նրա դուստրն էր: Այդ հարուստ մարդու մօտ մի անցորդ եկաւ: հարուստը չուզեց իր հօտերից ու արջառներից մի անասուն մորթել, որ հիւրասիրի իր մօտ եկած անցորդին, առաւ աղքատի գառնուկը եւ կերակուր պատրաստեց իր մօտ եկած մարդու համար»: 5 Դաւիթը խիստ բարկանալով այդ մարդու վրայ՝ ասաց Նաթանին. «Կենդանի է Տէրը. այդ բանն անող մարդը արժանի է մահուան: 6 Նա այդ գառնուկի համար եօթնապատիկ պէտք է հատուցի այն բանի փոխարէն, որ նա արեց. այսինքն՝ մորթեց ուրիշի միակ գառը»: 7 Նաթանն ասաց Դաւթին. «Դո՛ւ ես այն մարդը, որ արել է այդ բանը: Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. “Ես եմ, որ քեզ թագաւոր օծեցի ամբողջ Իսրայէլի վրայ, ես եմ, որ քեզ փրկեցի Սաւուղի ձեռքից, 8 քեզ յանձնեցի քո տիրոջ՝ Սաւուղի տունը, քո տիրոջ կանայք քո գրկում են, քեզ տուեցի Իսրայէլն ու Յուդայի երկիրը, եւ եթէ դրանք քիչ ես համարում, նոյնքան էլ կ՚աւելացնեմ”: 9 Ինչո՞ւ Տիրոջ խօսքն անարգեցիր նրա աչքի առաջ չարիք գործելով: Դու սրով սպանեցիր քետացի Ուրիային եւ նրա կնոջը քեզ կնութեան առար, նրան սպանեցիր ամոնացիների սրով: 10 Արդ, սուրը յաւիտեանս թող չհեռանայ քո տնից փոխարէնն այն բանի, որ ինձ անարգեցիր եւ քետացի Ուրիայի կնոջը քեզ կնութեան առար: 11 Այսպէս է ասում Տէրը. “Ահա ես քո դէմ չարիք կը յարուցեմ քո տնից. աչքերիդ առաջ քո կանանց պիտի վերցնեմ եւ տամ քո ընկերոջը, նա այս արեգակի լոյսի տակ (Օրը ցերեկով) պառկելու է քո կանանց հետ: 12 Դու այդ բանը ծածուկ արեցիր, իսկ ես այն անելու եմ ամբողջ Իսրայէլի աչքի առաջ, օրը ցերեկով”»: 13 Դաւիթն ասաց Նաթանին. «Մեղանչել եմ Տիրոջ դէմ»: Նաթանն ասաց Դաւթին. 14 «Տէրը ներեց քո մեղքը, եւ դու չես մեռնի, բայց քանի որ դրանով թշնամիներին առիթ տուեցիր Տիրոջը հայհոյելու, քեզանից ծնուելիք որդիդ պէտք է մեռնի»: ԴԱՒԹԻ ՈՐԴՈՒ ՄԱՀԸ 15 Նաթանը գնաց իր տունը, եւ Տէրը հարուածեց Դաւթի համար Ուրիայի կնոջ ծնած մանկանը, եւ սա հիւանդացաւ: 16 Դաւիթը մանկան համար աղաչեց Աստծուն. Դաւիթը ծոմ պահեց ու գիշերը գետնին քնեց: 17 Պալատականները ելան գնացին նրա մօտ, որ նրան գետնից բարձրացնեն, բայց նա չուզեց գետնից վեր կենալ եւ նրանց հետ հաց չկերաւ: 18 Երբ եօթներորդ օրը մանուկը մեռաւ, պալատականները վախենում էին Դաւթին յայտնել, թէ մանուկը մեռաւ, քանզի ասում էին. «Քանի դեռ մանուկը կենդանի էր, խօսեցինք նրա հետ, բայց նա մեր ասածը չլսեց: Հիմա ինչպէ՞ս ասենք, թէ մանուկը մեռաւ: Նա չարիք կը գործի»: 19 Դաւիթը տեսնելով, որ պալատականները փսփսում են եւ հասկանալով, որ մանուկը մահացել է, ասաց պալատականներին. «Մի՞թէ մանուկը մեռաւ»: Նրանք ասացին՝ «Մեռաւ»: 20 Դաւիթը գետնից վեր կացաւ, լուացուեց ու օծուեց, փոխեց իր զգեստները, մտաւ Աստծու տունն ու երկրպագեց նրան: Ապա նա իր տունը մտաւ, ուզեց հաց ուտել: 21 Նրա առաջ հաց դրեցին, ու նա կերաւ: Պալատականները նրան ասացին. «Այս ի՞նչ արեցիր մանկան համար. քանի նա կենդանի էր, ծոմ էիր պահում, լալիս ու տանջւում, իսկ երբ մանուկը մեռաւ, վեր կացար, կերար ու խմեցիր»: 22 Դաւիթն ասաց. «Քանի մանուկը կենդանի էր, ծոմ էի պահում ու լալիս, որովհետեւ մտածում էի. “Ո՞վ գիտի, գուցէ Տէրը ողորմի, եւ մանուկն ապրի”: 23 Հիմա որ մանուկը մեռաւ, ես ինչո՞ւ ծոմ պահեմ, մի՞թէ կարող եմ նրան յետ կեանքի կոչել: Ես եմ նրա մօտ գնալու, իսկ նա ինձ մօտ չի վերադառնայ»: ՍՈՂՈՄՈՆԻ ԾՆՈՒՆԴԸ 24 Դաւիթը մխիթարեց իր կնոջը՝ Բերսաբէէին: Դաւիթը գնաց նրա մօտ, պառկեց նրա հետ, կինը յղիացաւ ու ծնեց որդի: Դաւիթը նրա անունը դրեց Սողոմոն: 25 Տէրը սիրեց նրան, Նաթան մարգարէի միջոցով պատգամ յղեց, եւ սա մանկան անունը Տիրոջ համար Յեդեդի ( Նշանակում է՝ Տիրոջից սիրուած) դրեց: ԴԱՒԻԹԸ ԳՐԱՒՈՒՄ Է ՌԱԲԱԹԸ (Ա Մնաց. 20.1-3)
ԿԱՆՉՈՒՄ ԵՄ ԲԱՐՁՐԵԱԼ ԱՍՏԾՈՒՆ ՍԱՂՄՈՍ 56։1 Այսուհետեւ՝ մի՛ ապականիր. արձանագիր Դաւթի, երբ նա Սաւուղի երեսից փախել թաքնուել էր քարայրում 2 Ողորմի՛ր ինձ, Աստուա՛ծ, ողորմի՛ր ինձ, քանզի յոյսս դրի քեզ վրայ. քո թեւերի հովանուն պիտի ապաւինեմ, մինչեւ անօրէնութիւնն անցնի: 3 Աղաղակեցի բարձրեալ Աստծուն՝ իմ բարերար Աստծուն: 4 Նա օգնութիւն ուղարկեց երկնքից եւ փրկեց ինձ, նախատելի դարձրեց ինձ ոտնահարողներին: Աստուած իր ողորմութիւնն ու ճշմարտութիւնն ուղարկեց: 5 Գազանների միջից ազատեց ինձ, քանզի ես խռովուած ննջում էի: Մարդկանց որդիների ատամները զէնք եւ նետ են, իսկ նրանց լեզուները՝ ինչպէս սուր սուսեր: 6 Դու երկինք ես բարձրացել, Աստուա՛ծ, եւ ողջ աշխարհն է բռնել փառքը քո: 7 Որոգայթ պատրաստեցին ոտքերիս համար, ընկճեցին ինձ, առջեւս փոս փորեցին, բայց նրա մէջ իրե՛նք ընկան: 8 Պատրաստ է սիրտն իմ, Աստուա՛ծ, պատրաստ է սիրտն իմ՝ օրհնելու եւ սաղմոսերգելու քեզ իմ փառաբանութեամբ: 9 Արթնացի՛ր, փա՛ռք իմ, արթնացի՛ր սաղմոսներով եւ օրհներգութեամբ, եւ ես կ՚արթնանամ առաւօտեան: 10 Գոհութիւն կը մատուցեմ քեզ ժողովուրդների մէջ, Տէ՛ր, եւ ազգերի մէջ քեզ սաղմոս կ՚երգեմ: 11 Քո ողորմութեան մեծութիւնը հասաւ մինչեւ երկինք, եւ քո ճշմարտութիւնը՝ մինչեւ ամպերը: 12 Դու երկինք ես բարձրացել, Աստուա՛ծ, եւ ողջ աշխարհն է բռնել փառքը քո:
ՍԱՂՄՈՍ 56:6 Դու երկինք ես բարձրացել, Աստուա՛ծ, եւ ողջ աշխարհն է բռնել փառքը քո։
ՍԱՂՄՈՍ 14 Ի՞ՆՉ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ ՏԷՐԸ Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի 1 Տէր, ո՞վ պիտի ապրի քո վրանում, կամ ո՞վ պիտի բնակուի քո սուրբ լերան վրայ. 2 նա, ով անբասիր է ընթանում, արդար գործ է կատարում, ճշմարտութիւն խօսում իր սրտում: 3 Ով չի նենգել իր լեզուով եւ ընկերոջը վատութիւն չի արել, 4 Մերձաւորներից նախատինք նա չի ստանում, եւ չարագործն անարգուած է նրա աչքում: Այդպիսին փառաբանում է նրանց, ովքեր երկիւղ ունեն Տիրոջից, երդւում է իր բարեկամին չի դրժում: 5 Իր արծաթը վաշխով չի տալիս, իրաւունքի դէմ կաշառք չի վերցնում: Ով անում է այս, նա յաւիտեան չի սասանուի:
ՓՈԽԱՏՈՒՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ ՍԻՐԱՔ 29։1 Ով ողորմութիւն է անում, նա փոխ է տալիս մերձաւորին: 2 Ով իր ձեռքով նրան սատար է լինում, պահում է պատուիրանները: 3 Մերձաւորիդ փո՛խ տուր ժամանակին, հաստա՛տ պահիր խօսքդ, հաւատարի՛մ եղիր նրան եւ միշտ կը գտնես քեզ համար անհրաժեշտը: 4 Շատերը փոխ վերցրածը գտած բան համարեցին եւ դառնութիւն պատճառեցին իրենց օգնողներին: 5 Մինչեւ վերցնելը մարդ համբուրում է մերձաւորի ձեռքը եւ խոնարհ ձայնով է խօսում նրա ունեցուածքի մասին: 6 Վերադարձնելու ժամանակ նա կը յետաձգի ժամկէտը, ցաւալի խօսքեր կ՚ասի եւ կը գանգատուի ժամանակից: 7 Եթէ փոխատուն կարողանայ տուածի հազիւ կէսը յետ առնել, ապա այն կը համարի գտած բան. 8 իսկ եթէ չկարողանայ, կը զրկուի իր ունեցուածքից եւ նրան զուր տեղը թշնամի կը դարձնի իրեն: 9 Սա էլ անէծք եւ բամբասանք կը հատուցի եւ պատիւ տալու փոխարէն կ՚անարգի նրան: 10 Արդ, շատերը նման չարութեան պատճառով երես են թեքում եւ զգուշանում զուր տեղը զրկուել ունեցուածքից: ՈՂՈՐՄՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ 11 Սակայն դու աղքատի նկատմամբ բարեհա՛ճ եղիր եւ նրան մի՛ ուշացրու ողորմութիւնդ: 12 Ի սէր պատուիրանի ձե՛ռք մեկնիր աղքատին ըստ նրա կարօտութեան եւ ձեռնունայն մի՛ վերադարձրու նրան: 13 Արծաթը ծախսի՛ր եղբօր եւ բարեկամի վրայ եւ մի՛ թող որ ժանգոտուի քարի տակ ի կորուստ: 14 Քո գանձն օգտագործի՛ր համաձայն Բարձրեալի պատուիրանների, եւ դա քեզ օգուտ կը լինի ոսկուց աւելի: 15 Ողորմութի՛ւն հաւաքիր քո շտեմարաններում, եւ այն կը փրկի քեզ զանազան չարչարանքներից, 16 թշնամու դէմ կը ճակատի քեզ համար հզօր վահանից եւ ծանր նիզակից աւելի: ԵՐԱՇԽԱՒՈՐ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 19 Բարերար մարդը երաշխաւորում է իր մերձաւորին, իսկ ով կորցրել է ամօթը, կը թողնի նրան: 20 Մի՛ մոռացիր երաշխաւորողի շնորհը, քանզի նա իր անձը տուեց քեզ համար: 22 Մեղաւորը վատնում է իր երաշխաւորողի բարիքը, եւ սրտով երախտամոռը կը լքի իր փրկարարին: 24 Երաշխաւորութիւնը բազում յաջողակների կործանեց եւ նրանց ցնցեց ծովի ալիքների նման: 25 Հզօր մարդկանց զրկեց իրենց բնակավայրից, եւ նրանք դեգերեցին օտար ազգերի մէջ: 26 Իր շահին հետամուտ մեղաւորը, որը երաշխաւոր է դառնում, դատաստանի մէջ կ՚ընկնի: 27 Պաշտպա՛ն եղիր մերձաւորին ըստ քո կարողութեան եւ զգո՛յշ եղիր, որպէսզի չլինի թէ ծուղակ ընկնես:
ՃՇՄԱՐՏՈՒԹԻՒՆՆ՝ ԱԶԱՏԱՐԱՐ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 8:31 Եւ Յիսուս հաւատացեալ հրեաներին ասաց. «Եթէ դուք իմ ուսուցմանը հաւատարիմ մնաք, իմ ճշմարիտ աշակերտները կը լինէք: 32 Եւ կը ճանաչէք ճշմարտութիւնը, եւ ճշմարտութիւնը ձեզ կ՚ազատի»: 33 Նրան պատասխանեցին ու ասացին. «Աբրահամի որդիներ ենք եւ երբեք ոչ ոքի չենք ծառայել. ինչպէ՞ս ես ասում, թէ՝ ազատ կը լինէք»: 34 Յիսուս պատասխանեց նրանց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ ամէն ոք, որ մեղք է գործում, մեղքին ծառայ է: 35 Եւ ծառան յաւիտեան տան մէջ չի մնում, իսկ որդին յաւիտեան մնում է: 36 Իսկ արդ, եթէ Որդին ձեզ ազատի, ճշմարտապէս ազատ կը լինէք: 37 Գիտեմ, որ Աբրահամի որդիներ էք, բայց ուզում էք ինձ սպանել, որովհետեւ իմ խօսքը տեղ չունի ձեր մէջ: 38 Ես խօսում եմ այն, ինչ տեսայ իմ Հօր մօտ, իսկ դուք անում էք, ինչ ձեր հօրից էք լսել»: 39 Նրան պատասխանեցին ու ասացին. «Մեր հայրը Աբրահամն է»: Յիսուս նրանց ասաց. «Եթէ Աբրահամի որդիներ լինէիք, Աբրահամի գործերը կը գործէիք: 40 Իսկ այժմ ուզում էք սպանել մի մարդու՝ ինձ, որ ձեզ ասացի ճշմարտութիւնը, որը լսել եմ իմ Հօրից. այդպիսի բան Աբրահամը չարեց. 41 դուք ձեր հօր գործերն էք անում»: Նրան ասացին. «Մենք պոռնկութիւնից չենք ծնուել. մեր Հայրը մէկ է՝ Աստուած»: 42 Յիսուս նրանց ասաց. «Եթէ Աստուած ձեր Հայրը լինէր, ինձ իրապէս կը սիրէիք, որովհետեւ ես Աստծուց ելայ ու եկայ. եւ ոչ թէ ինքս ինձ եկայ, այլ նա՛ ուղարկեց ինձ: 43 Ինչո՞ւ դուք իմ խօսածը չէք հասկանում. որովհետեւ իմ խօսքը չէք կարող լսել: 44 Դուք հօր կողմից սատանայի զաւակներ էք, եւ ձեր հօր ցանկութիւններն էք ուզում կատարել, թէեւ նա ի սկզբանէ մարդասպան էր եւ ճշմարտութեան մէջ չմնաց, որովհետեւ նրա մէջ ճշմարտութիւն չկար: Երբ որ նա սուտ խօսի, ինքն իրենից է խօսում, քանի որ նա սուտ է եւ ստի հայր: 45 Իսկ ես, որ ճշմարտութիւնն եմ ասում, ինձ չէք հաւատում: 46 Ձեզնից ո՞վ կը յանդիմանի ինձ մեղքի համար. եթէ ճշմարիտ եմ ասում ձեզ, ինձ ինչո՞ւ չէք հաւատում: 47 Ով Աստծուց է, Աստծու խօսքերն է լսում, իսկ դուք չէք լսում նրա համար, որ Աստծուց չէք»: 48 Հրեաները պատասխանեցին եւ ասացին նրան. «Մենք լաւ չե՞նք ասում, թէ՝ սամարացի ես դու, եւ քո մէջ դեւ կայ»: 49 Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Իմ մէջ դեւ չկայ, այլ պատւում եմ իմ Հօրը, իսկ դուք անարգում էք ինձ: 50 Ես իմ փառքը չեմ փնտռում. կայ մէկը, որ այն փնտռում է եւ դատում: 51 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթէ մէկը իմ խօսքը պահի, մահ չի տեսնի յաւիտեան»: 52 Հրեաները նրան ասացին. «Այժմ իմացանք, որ քո մէջ դեւ կայ: Աբրահամը մեռաւ, նաեւ՝ մարգարէները, իսկ դու ասում ես, թէ՝ ով իմ խօսքը պահի, յաւիտեան մահ չի ճաշակի: 53 Միթէ դու աւելի մե՞ծ ես, քան մեր հայրը՝ Աբրահամը, որ մեռաւ. մեռան եւ մարգարէները. արդ, դու քեզ ո՞ւմ տեղ ես դնում»: 54 Յիսուս պատասխանեց. «Եթէ ես փառաւորեմ իմ անձը, իմ փառքը ոչինչ է. Հայրն է, որ ինձ փառաւորում է, եւ որի մասին դուք ասում էք, թէ՝ մեր Աստուածն է. 55 ու չէք ճանաչում նրան: Բայց ես ճանաչում եմ նրան. եւ եթէ ասեմ, թէ նրան չեմ ճանաչում, ձեզ նման ստախօս կը լինեմ. բայց ես ճանաչում եմ նրան եւ նրա խօսքը պահում եմ: 56 Աբրահամը՝ ձեր հայրը, ցանկացաւ իմ աշխարհ գալու օրը տեսնել. տեսաւ եւ ուրախացաւ»: 57 Հրեաները նրան ասացին. «Դեռ յիսուն տարեկան չկաս դու եւ Աբրահամի՞ն ես տեսել»: 58 Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ես ե՛մ, նախքան Աբրահամի լինելը»: 59 Նրանք քարեր վերցրին, որ գցեն նրա վրայ, բայց Յիսուս խոյս տուեց եւ տաճարից ելաւ գնաց:
ՉՓՈՐՁԵԼ ԱՍՏԾՈՒՆ, ԻՆՉՊԷՍ ՓՈՐՁԵՑ ԻՍՐԱՅԷԼԸ Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐ 10:1 Եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ անգիտանաք, որ մեր հայրերը բոլորն էլ ամպի առաջնորդութեան տակ էին եւ բոլորն էլ ծովով անցան. 2 եւ բոլորը, հետեւելով Մովսէսին, մկրտուեցին ամպ ու ծովի մէջ. 3 եւ բոլորն էլ նոյն հոգեւոր ուտելիքը կերան, 4 եւ բոլորն էլ նոյն հոգեւոր ըմպելիքը խմեցին, որովհետեւ խմում էին հոգեւոր այն վէմից, որ գնում էր նրանց հետ եւ այն վէմը ինքը՝ Քրիստոսն էր: 5 Բայց նրանցից շատերը չէ, որ հաճելի եղան Աստծուն, քանզի անապատում ընկան մեռան: 6 Եւ այն որպէս օրինակ եղաւ մեզ համար, որպէսզի չար բաների ցանկացող չլինենք, ինչպէս որ ցանկացան նրանք: 7 Եւ չլինենք կռապաշտներ, ինչպէս նրանցից ոմանք. ինչպէս գրուած է. «Նստեց ժողովուրդը ուտելու եւ խմելու, եւ նրանք վեր կացան զուարճանալու»: 8 Եւ չպոռնկանանք, ինչպէս նրանցից ոմանք պոռնկացան, եւ մի օրում ընկան քսանչորս հազարը(Յունարէնը՝ քսաներեք հազարը): 9 Եւ չփորձենք Տիրոջը, ինչպէս փորձեցին նրանցից ոմանք եւ կոտորուեցին օձերից: 10 Եւ չտրտնջանք, ինչպէս տրտնջացին նրանցից ոմանք եւ կորստեան մատնուեցին մահուան հրեշտակից: 11 Եւ այս բոլորը(Լաւագոյն յուն. բն. չունեն բոլորը բառը) իբրեւ օրինակ պատահեց նրանց հետ, բայց որպէս խրատ գրուեց մեզ համար, մեզ, որոնց համար հասել է յաւիտեանների վախճանը: 12 Այսպէս ուրեմն՝ ով կարծում է, թէ կանգնած է հաստատ, թող զգոյշ լինի, գուցէ թէ ընկնի: 13 Ձեր վրայ ոչ մի փորձութիւն չի եկել, բացի մարդկանցից եկածից(Յունարէնը՝ մարդկային փորձութիւնից): Բայց հաւատարիմ է Աստուած, որ ձեզ աւելի փորձութեան մէջ չի գցելու, քան կարող էք տանել. այլ՝ փորձութեան հետ փրկութեան ելք էլ է ցոյց տալու, որպէսզի կարողանաք համբերել: 14 Ուստի, իմ սիրելինե՛ր, փախէ՛ք կռապաշտութիւնից: 15 Ասում եմ ձեզ իբրեւ գիտակից մարդկանց. ինքնե՛րդ դատեցէք, ինչ ասում եմ: 16 Օրհնութեան բաժակը, որն օրհնում ենք, արդարեւ հաղորդութիւն չէ՞ Քրիստոսի արեան. հացը, որը կտրում ենք, արդարեւ հաղորդութիւն չէ՞ Քրիստոսի մարմնի. 17 որովհետեւ մի հաց, մի մարմին ենք բոլորս, քանի որ բոլորս էլ այդ միակ հացից ենք վայելում: 18 Նկատի առէք մարմնաւոր Իսրայէլը. չէ՞ որ նրանք, որ ուտում են զոհից, մասնակից են սեղանին: 19 Իսկ արդ, ահա ինչ եմ ասում. կուռքերին զոհաբերուածը մի բա՞ն է. եւ կամ՝ կուռքն ինքնին մի բա՞ն է: 20 Ո՛չ, ինչ որ հեթանոսները զոհում են, դեւերին են զոհում եւ ոչ՝ Աստծուն: Չեմ ուզում, որ դուք դեւերին հաղորդակից լինէք. քանզի չէք կարող խմել ե՛ւ Տիրոջ բաժակը, ե՛ւ դեւերի բաժակը: 21 Եւ չէք կարող վայելել ե՛ւ Տիրոջ սեղանից, ե՛ւ դեւերի սեղանից: 22 Կամ թէ՝ ուզում ենք Տիրոջ նախա՞նձը գրգռել. մի՞թէ աւելի զօրեղ ենք, քան նա: ՔՐԻՍՏՈՆԷԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹԻՒՆ 23 Ամէն ինչ ինձ թոյլատրելի է, բայց ամէն բան չէ, որ օգտակար է. ամէն ինչ ինձ թոյլատրելի է, բայց ամէն ինչ չէ, որ հաւատը հաստատում է: 24 Ոչ ոք միայն իր օգուտը թող չփնտռի, այլ՝ նաեւ ընկերոջինը: 25 Կերէ՛ք ամէն ինչ, որ վաճառւում է սպանդանոցում, եւ խղճմտանքի պատճառով խտրութիւն մի՛ դրէք. 26 որովհետեւ՝ «Տիրոջն է երկիրն իր ամբողջութեամբ»: 27 Եթէ անհաւատներից մէկը ձեզ հրաւիրի, եւ դուք ուզենաք գնալ, այն ամէնը, որ ձեր առաջ կը դրուի, կերէ՛ք եւ խղճմտանքի պատճառով խտրութիւն մի՛ դրէք: 28 Իսկ եթէ մէկը ձեզ ասի, թէ՝ «Այդ զոհ է արուած», մի՛ կերէք այն մարդու պատճառով, ով իմաց տուեց ձեզ, եւ նրա խղճմտանքի պատճառով. 29 խօսքս ոչ թէ ձեր խղճմտանքի մասին է, այլ՝ ընկերոջ: Բայց ինչո՞ւ իմ ազատութիւնը պիտի կաշկանդուի ուրիշի խղճմտանքի պատճառով: 30 Եթէ ես գոհութիւն յայտնելով վայելում եմ, ինչո՞ւ հայհոյուեմ նրա համար, որ գոհութիւն եմ յայտնում: 31 Արդ, ուտէք թէ խմէք, կամ ինչ էլ անէք, ամէն ինչ արէ՛ք Աստծու փառքի համար. 32 գայթակղութեան պատճառ մի՛ եղէք հրեաներին եւ հեթանոսներին եւ Աստծու եկեղեցուն. 33 ինչպէս որ ե՛ս բոլորին ամէն ինչում հաճելի եմ լինում ու չեմ փնտռում իմ օգուտը, այլ՝ շատերինը, որպէսզի փրկուեն:
ԻՍՐԱՅԷԼԱՑԻՆԵՐԻ ԿՌԱՊԱՇՏՈՒԹԻՒՆԸ ԹՈՒԵՐ 25:1 Իսրայէլացիները բանակատեղի դրեցին Սատտիմում եւ պղծուեցին այնտեղ մովաբացիների դուստրերի հետ պոռնկանալով: 2 Մովաբացի կանայք իսրայէլացիներին հրաւիրեցին իրենց կուռքերի պատուին զոհ մատուցելու ծէսին: Իսրայէլացիները կերան մովաբացիների մատուցած զոհերից ու երկրպագեցին նրանց կուռքերին: 3 Իսրայէլացիները յարեցին Բէլփեգորին, որի համար Տէրը խիստ բարկացաւ իսրայէլացիների վրայ: 4 Տէրն ասաց Մովսէսին. «Վերցրո՛ւ քո ժողովրդի բոլոր իշխաններին եւ կախի՛ր նրանց Տիրոջ առջեւ՝ արեգակի դէմ, որպէսզի Տիրոջ զայրոյթը վերանայ իսրայէլացիների վրայից»: 5 Մովսէսն ասաց իսրայէլացիներին. «Ամէն մէկը թող կոտորի Բէլփեգորին յարած իր հարազատին»: 6 Մի անգամ մի իսրայէլացի մարդ Մովսէսի ու իսրայէլացի ամբողջ ժողովրդի ներկայութեամբ իր եղբօրը բերեց մի մադիանացի կնոջ մօտ: Իսրայէլացիները լաց էին լինում վկայութեան խորանի դռանը: 7 Ահարոն քահանայի որդի Եղիազարի որդի Փենեէսը, տեսնելով դա, վեր կացաւ ժողովրդի միջից եւ իր ձեռքն առնելով տէգը՝ 8 այդ տղամարդու յետեւից մտաւ անառակ կնոջ սենեակն ու խոցեց երկուսին էլ՝ իսրայէլացի տղամարդուն ու այդ կնոջը՝ իր արգանդից: Այդ ժամանակ էլ դադարեց իսրայէլացիների կոտորածը: 9 Այդ կոտորածից քսանչորս հազար մարդ մեռաւ: 10 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 11 «Փենեէսը՝ Ահարոն քահանայի որդի Եղիազարի որդին, վերացրեց իսրայէլացիների նկատմամբ ունեցած իմ զայրոյթը, քանի որ նա նրանց նկատմամբ նոյնքան անհաշտ էր, որքան ես: Եւ ես իսրայէլացիներին իմ բարկութեամբ չոչնչացրի: 12 Եւ հիմա այսպէս կ՚ասես. “Ես, ահա, նրա հետ խաղաղութեան ուխտ եմ կնքում: 13 Նրան եւ նրա յետնորդներին յաւիտենական քահանայութիւն եմ խոստանում ի դիմաց այն բանի, որ նա իր Աստծու փոխարէն վրէժխնդիր լինելով՝ քաւեց իսրայէլացիների մեղքերը”»: 14 Մադիանացի կնոջ հետ սպանուած իսրայէլացի տղամարդու անունը Զամբրի էր: Նա Սաղոմի որդին էր՝ Շմաւոնի յետնորդներին պատկանող ընտանիքի իշխանը, 15 իսկ սպանուած մադիանացի կնոջ անունը Քազբի էր: Նա մադիանացի նահապետական ընտանիքից Ամոթի ցեղի Սուր իշխանի դուստրն էր: 16 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 17 «Խօսի՛ր իսրայէլացիների հետ եւ ասա՛. “Դարձէ՛ք մադիանացիների թշնամին, հարուածեցէ՛ք նրանց, 18 որովհետեւ նրանք ձեր նենգ թշնամիներն են. նրանք ձեզ դաւեցին Փոգորի պատճառով, նաեւ մադիանացի իշխանի դուստր Քազբիի՝ իրենց քրոջ պատճառով, որն սպանուեց Փոգորի համար սկսուած կոտորածների օրը”»:
ԱՎԵՏՈՒՄ Այսպես է կոչվում ս. Մարիամ Աստվածածնին Գաբրիել հրեշտակի կողմից ավետիս բերելու իրադարձությունը: Հրեշտակը, հայտնվելով Կույս Մարիամին, ասաց նրան, որ նա պիտի հղիանա Սուրբ Հոգուց և ծնի աշխարհի Փրկչին. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է, օրհնյալ ես դու կանանց մեջ: .... Ահա դու կհղիանաս ու կծնես մի որդի և Նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի Որդի կկոչվի» [Ղուկ. 1.28-32]: Մարիամը մեծ զարմանքով լսեց այս խոսքերը, որոնք նրա առջև բացում էին Աստծո Որդու մարդեղության խորհուրդը: Նրա խոնարհ սիրտը չէր հավատում, որ Աստծո Որդին պետք է դառնա և ի՛ր որդին, որ իրենից պետք է ծնվի աշխարհի Փրկիչը: Եվ տարակուսելով՝ նա հարցրեց հրեշտակին. «Ինչպե՞ս կարող է այդ լինել»: «Սուրբ Հոգին կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, որովհետև Նա, Ով պիտի ծնվի քեզանից, սուրբ է և Աստծո Որդի կկոչվի»,- պատասխանեց հրեշտակը [Ղուկ. 1.34-35]: Այնժամ Մարիամը, մեծ հավատով և ամբողջովին հանձնվելով Աստծո կամքին, խոնարհաբար բացականչեց. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը. թող քո խոսքի համաձայն լինի ինձ» [Ղուկ. 1.38]: Այս խոսքերով Կույս Մարիամը ողջ մարդկության անունից համաձայնություն հայտնեց դառնալ Աստծո և մարդկության հաշտության, երկնքի և երկրի միավորման միջոցը: Այդ պահից էլ սկսեցին իրականանալ հրեշտակի խոսքերը: Սուրբ Կույսի պատասխանին և համաձայնությանը անմիջապես հետևեց նրա լցվելը Սուրբ Հոգով և հղիանալը Որդի Աստծով, որով և մեր փրկագործության սկիզբը դրվեց:Այս սքանչելի իրադարձության հիշատակը նախկինում տոնվել է Աստվածահայտնության տոնին: Իսկ այժմ Հայ Եկեղեցում այն կատարվում է ապրիլի 7-ին: Ըստ ավանդության՝ Գաբրիելի ավետումը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը: Այս պատճառով տարվա բոլոր չորեքշաբթի օրերը նվիրված են Աստվածածնի ավետմանը և Քրիստոսի մարդեղությանը:
ԱՂՔԱՏՈՒԹԻՒՆ ԵՒ ՀԱՐՍՏՈՒԹԻՒՆ ՅԱԿՈԲՈՍ 1:9 Աղքատ եղբայրը թող պարծենայ, երբ Աստուած բարձրացնում է իրեն, 10 իսկ հարուստը թող պարծենայ, երբ Աստուած խոնարհեցնում է իրեն, քանի որ հարստութիւնը պիտի անցնի ինչպէս խոտածաղիկը. 11 որովհետեւ արեւը ծագեց՝ խորշակով հանդերձ եւ չորացրեց խոտը, նրա ծաղիկն ընկաւ, ու նրա վայելուչ տեսքը կորաւ. նոյնպէս եւ հարուստը պիտի թառամի՝ իր շահերով հանդերձ (Յունարէնն ունի …իր ընթացքի մէջ): 12 Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձութեան. որովհետեւ, եթէ փորձութեան մէջ հաստատ լինի, կը ստանայ կեանքի պսակը, որը Տէրը խոստացաւ իրեն սիրողներին:
ՓԱՐԻՍԵՑԻՆ ԵՒ ՄԱՔՍԱՒՈՐԸ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 18:9 Այս առակն էլ ասաց ոմանց, որոնք իրենք իրենցով պարծենում էին, թէ արդար են, եւ արհամարհում էին ուրիշ շատերին: 10 «Երկու մարդ տաճար ելան աղօթքի կանգնելու. մէկը՝ փարիսեցի, միւսը՝ մաքսաւոր: 11 Փարիսեցին կանգնած էր մեկուսի եւ, ինքն իրեն, այս աղօթքն էր ասում. “Աստուած իմ, շնորհակալ եմ քեզնից, որ ես նման չեմ ուրիշ մարդկանց, ինչպէս՝ յափշտակողները, անիրաւներն ու շնացողները, եւ կամ ինչպէս այս մաքսաւորը. 12 այլ շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում եւ տասանորդ եմ տալիս իմ ամբողջ եկամտից”: 13 Իսկ մաքսաւորը կանգնած էր մեկուսի եւ չէր իսկ կամենում իր աչքերը երկինք բարձրացնել, այլ ծեծում էր կուրծքը եւ ասում. “Աստուա՛ծ, ների՛ր ինձ՝ մեղաւորիս”: 14 Ասում եմ ձեզ, սա՛ իջաւ իր տունը արդարացած, ոչ թէ միւսը. որովհետեւ, ով որ բարձրացնում է իր անձը, կը խոնարհուի, եւ ով որ խոնարհեցնում է իր անձը, կը բարձրացուի»:
ԴԱՒԻԹԸ ԵՒ ԲԵՐՍԱԲԷԷՆ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Բ 11:1 Հետեւեալ տարին, երբ թագաւորները արշաւի էին ելնելու, Դաւիթը Յովաբին իր ծառաների ու բոլոր իսրայէլացիների հետ ուղարկեց, որ կոտորեն ամոնացիներին եւ պաշարեն Ռաբաթը, իսկ ինքը մնաց Երուսաղէմում: 2 Երեկոյեան կողմ, երբ Դաւիթն իր անկողնից ելնելով ման էր գալիս թագաւորական պալատի տանիքի վրայ, տեսաւ, որ մի կին լողանում էր տանիքի վրայ: 3 Այդ կինը արտաքինով շատ գեղեցիկ էր: Դաւիթը մարդ ուղարկեց ու հարցուփորձ արեց այդ կնոջ մասին: Նրան ասացին. «Չէ՞ որ դա քետացի Ուրիայի կինն է, Եղիաբի դուստր Բերսաբէէն»: 4 Դաւիթը պատգամաւորներ ուղարկեց, բերել տուեց նրան եւ մտաւ նրա ծոցը: Նա դաշտանից նոր էր մաքրուել: Կինը վերադարձաւ իր տունը եւ յղիացաւ: 5 Նա մարդ ուղարկեց Դաւթի մօտ եւ ասաց. «Յղի եմ ես»: Դաւիթը մարդ ուղարկեց Յովաբի մօտ՝ ասելով. «Ինձ մօ՛տ ուղարկիր քետացի Ուրիային»: 6 Եւ Յովաբը Ուրիային ուղարկեց Դաւթի մօտ: 7 Եկաւ Ուրիան, ներկայացաւ Դաւթին: Դաւիթը հարցրեց Յովաբի ողջութեան, զինուորների առողջութեան ու պատերազմի վիճակի մասին: 8 Ուրիան ասաց. «Ամէն ինչ բարեյաջող է»: Դաւիթն ասաց Ուրիային. «Ելի՛ր, գնա՛ քո տունը եւ լուա՛ ոտքերդ»: Ուրիան դուրս եկաւ արքայի տնից, եւ նրա յետեւից արքան պարգեւ ուղարկեց: 9 Ուրիան քնեց արքայի տան դռանը նրա ծառաների հետ. նա իր տունը չգնաց: 10 Դաւթին պատմեցին՝ ասելով, թէ Ուրիան իր տունը չի գնացել: Դաւիթն ասաց Ուրիային. «Չէ՞ որ ճանապարհից ես եկել, ինչո՞ւ քո տունը չգնացիր»: 11 Ուրիան ասաց Դաւթին. «Աստծու ուխտի տապանակը, Իսրայէլի ու Յուդայի երկրի բանակները վրաններում են բնակւում, իմ տէր Յովաբն ու իմ տիրոջ ծառաները բաց դաշտում են բնակւում, ես իմ տո՞ւնը գնամ ուտելու, ըմպելու եւ իմ կնոջ հետ քնելու համար: Այդ ինչպէ՞ս կարող է պատահել: Երդւում եմ քո կեանքով, որ ես այդ բանը չեմ անի»: 12 Դաւիթն ասաց Ուրիային. «Այսօր էլ այստեղ մնա՛, եւ վաղը քեզ կ՚արձակեմ»: Այդ օրը Ուրիան մնաց Երուսաղէմում: 13 Յաջորդ օրը Դաւիթը կանչեց նրան: Սա կերաւ նրա մօտ, խմեց ու հարբեց եւ երեկոյեան քնեց իր անկողնում, իր տիրոջ ծառաների հետ. նա իր տունը չգնաց: 14 Առաւօտեան Դաւիթը նամակ գրեց Յովաբին եւ Ուրիայի միջոցով ուղարկեց նրան: 15 Նամակում գրուած էր. «Ուրիային ուղարկի՛ր պատերազմի թէժ տեղերը, իսկ դուք յե՛տ քաշուեցէք նրանից, որ նա վիրաւորուի ու մեռնի»: 16 Երբ Յովաբը քաղաքը պաշարել էր, Ուրիային ուղարկեց այնտեղ, ուր գիտէր, թէ զօրաւոր մարդիկ կան: 17 Քաղաքի մարդիկ պատերազմի ելան Յովաբի դէմ: Դաւթի զօրքից մարդիկ ընկան եւ մեռան: Մեռաւ նաեւ քետացի Ուրիան: 18 Յովաբը մարդ ուղարկեց եւ արքային պատմեց ամէն ինչ, որ պատահել էր պատերազմում: 19 Նա պատգամաբերին պատուիրեց՝ ասելով. «Հէնց որ պատերազմի բոլոր դէպքերն արքային պատմես ու վերջացնես եւ տեսնես, թէ արքան զայրանալով կ՚ասի քեզ. “Ինչո՞ւ էք քաղաքին մօտեցել պատերազմելու, չգիտէի՞ք, որ պարսպի վրայից նետեր կ՚արձակեն: 20 Ո՞վ սպանեց Ների որդի Յերոբովաղի որդի Աբիմելէքին: 21 Չէ՞ որ մի կին նրա վրայ պարսպի վրայից երկանաքարի մի բեկոր նետեց, եւ նա մեռաւ Թամասում: Ինչո՞ւ էք մօտեցել պարսպին”, այն ժամանակ կ՚ասես. “Քո ծառայ քետացի Ուրիան էլ մեռաւ”»: 22 Յովաբի պատգամաբերը գնաց Երուսաղէմ, արքայի մօտ, հասաւ ու հաղորդեց Դաւթին ամէն ինչ՝ պատերազմի բոլոր դէպքերը, ինչպէս պատուիրել էր Յովաբը: Դաւիթը բարկանալով Յովաբի վրայ՝ ասաց պատգամաբերին. «Ինչո՞ւ էք քաղաքին մօտեցել պատերազմելու, չգիտէ՞ք, որ պարսպից ձեզ հարուածելու են: Ո՞վ սպանեց Յերոբովաղի որդի Աբիմելէքին: Չէ՞ որ մի կին պարսպից նրա վրայ երկանաքարի մի բեկոր նետեց, եւ նա մեռաւ Թամասում: Ինչո՞ւ էք մօտեցել պարսպին»: 23 Պատգամաբերն ասաց Դաւթին. «Այդ մարդիկ մեզանից ուժեղ էին: 24 Նրանք դուրս եկան մեր դէմ, մենք նրանց հալածեցինք մինչեւ քաղաքի դարպասը, բայց աղեղնաւորները պարսպի վրայից նետեր տեղացին քո ծառաների վրայ: Արքայի ծառաներից ոմանք մեռան, մեռաւ նաեւ քո ծառայ քետացի Ուրիան»: 25 Դաւիթն ասաց պատգամաբերին. «Այսպէս կ՚ասես Յովաբին. “Եղածի համար մի՛ անհանգստացիր, որովհետեւ սուրը երբեմն այսպէս է հարուածում, երբեմն՝ այնպէս: Սաստկացրո՛ւ պատերազմը քաղաքի դէմ ու կործանի՛ր այն: Եւ գօտեպնդի՛ր քեզ»: 26 Երբ Ուրիայի կինը լսեց, որ իր ամուսինը՝ Ուրիան սպանուել է, ողբաց իր մարդու մահը: 27 Երբ սուգն անցաւ, Դաւիթը մարդ ուղարկեց, նրան իր տունը բերեց, սա դարձաւ նրա կինը եւ նրա համար որդի ծնեց: Դաւթի այս արածը չար բան երեւաց Տիրոջ աչքին:
ՀԱՐՍՏՈՒԹԵԱՆ ՈՒՆԱՅՆՈՒԹԻՒՆԸ ՍԱՂՄՈՍ 48:1 Այսուհետեւ՝ Կորխի որդիների սաղմոսը 2 Լսեցէ՛ք այս, համա՛յն ազգեր, ակա՛նջ դրէք բոլորդ, որ բնակւում էք աշխարհում, 3 երկրածիննե՛ր եւ մարդկա՛նց որդիներ, ե՛ւ մեծամեծներ, ե՛ւ տնանկներ: 4 Բերանս իմաստութիւն պիտի խօսի, եւ սրտիս խորհուրդը՝ խոհեմութիւն: 5 Առակներին պիտի ականջ դնեմ եւ օրհներգով պիտի մեկնեմ առակները սկզբից: 6 Ինչո՞ւ արդեօք վախենամ չար օրերին, երբ կեանքիս անօրէնութիւններն ինձ պաշարեցին: 7 Իրենց կարողութեան վրայ յոյս դնողները պարծենում են իրենց մեծ հարստութեամբ: 8 Եղբայրն իր եղբօրը չի փրկի, ոչ էլ մարդը կը փրկի նրան. նա փրկանք չի տայ Աստծուն, 9 ոչ էլ իր հոգու փրկանքը: 10 Յաւիտեա՛ն ջանք թափի՛ր, եւ դու կ՚ապրես անվերջ ու ապականութիւն չես տեսնի: 11 Երբ տեսնես, որ իմաստունները մեռնում են, նրանց հետ կը կորչեն նաեւ անզգամներն ու անմիտները՝ իրենց հարստութիւնը թողնելով օտարներին: 12 Նրանց գերեզմանը յաւիտեան իրենց տունը կը լինի, եւ սերնդից սերունդ՝ իրենց օթեւանը. նրանց հողերը կը կոչուեն իրենց անունով: 13 Մարդը պատիւ ունէր՝ եւ չհասկացաւ, հաւասարուեց անբան անասուններին ու նմանուեց նրանց: 14 Այս է ճանապարհը նրանց գայթակղութեան, որին յետոյ իրենց բերանով հաւանութիւն պիտի տան: 15 Ոչխարների պէս դժոխքի պիտի մատնուեն, ու մահը պիտի հովուի նրանց, եւ առաւօտեան արդարները պիտի նրանց տիրեն: Նրանց օգնութիւնը կը սպառուի դժոխքում, եւ նրանք իրենց փառքը կը կորցնեն: 16 Սակայն երբ դժոխքն ինձ ընդունելու լինի, Աստուած կը փրկի իմ հոգին: 17 Մի՛ վախեցիր, երբ մարդ հարստանում է, եւ մեծանում է փառքը նրա տան, 18 քանզի մեռնելիս հետը ոչինչ չի տանի, եւ նրա տան փառքն իր հետ չի թաղուի: 19 Նրա անձը կ՚օրհնուի իր կենդանութեան ժամանակ, եւ քեզ շնորհակալ կը լինի, երբ բարիք գործես նրան: 20 Նա կը միանայ իր նախնիների սերնդին, մինչեւ յաւիտենութիւն լոյսը չի տեսնի: 21 Մարդը պատիւ ունէր՝ եւ չհասկացաւ, հաւասարուեց անբան անասուններին ու նմանուեց նրանց:
ՅՈՐԴՈՐ ԵՐԷՑՆԵՐԻՆ Ա ՊԵՏՐՈՍ 5:1 Ուրեմն՝ աղաչում եմ երէցներին, ես էլ նոյնպէս լինելով երէց ու վկայ Քրիստոսի չարչարանքների եւ մասնակից գալիք փառքի յայտնութեան. 2 արածեցրէ՛ք Աստծու այդ հօտը, որ ձեզ է յանձնուած, վերակացու լինելով ոչ թէ հակառակ ձեր կամքին, այլ՝ յօժարակամ, ըստ Աստծու. ոչ թէ շահախնդրութեամբ, այլ՝ յօժարութեամբ. 3 ոչ թէ տիրելով նրանց, որ բաժին են ընկած ձեզ, այլ օրինակ լինելով հօտին, 4 որպէսզի, երբ Հովուապետը երեւայ, փառքի անթառամ պսակն ընդունէք: ՅՈՐԴՈՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ 5 Նոյնպէս եւ դուք, երիտասարդնե՛ր, հնազա՛նդ եղէք ծերերին. բոլորդ միմեանց հանդէպ խոնարհութի՛ւն ունեցէք, քանի որ «Աստուած հակառակ է ամբարտաւաններին, իսկ խոնարհներին տալիս է շնորհ»(Առակներ 3.34): 6 Խոնարհուեցէ՛ք Աստծու հզօր ձեռքի տակ, որպէսզի ժամանակին նա ձեզ բարձրացնի: 7 Ձեր բոլոր հոգսերը նրա վրայ գցեցէ՛ք, որովհետեւ նա է, որ հոգում է ձեր մասին: 8 Արթո՛ւն եղէք, հսկեցէ՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ Սատանան, մռնչում է առիւծի պէս, շրջում եւ փնտռում է, թէ ո՛ւմ կուլ տայ: 9 Դիմադրեցէ՛ք նրան՝ հաստատուն լինելով հաւատի մէջ. իմացէ՛ք, որ ձեր եղբայրներն էլ աշխարհում կրում են նոյն չարչարանքները: 10 Եւ բոլոր շնորհների Աստուածը, — որ ձեզ կոչեց իր յաւիտենական փառքին Քրիստոս Յիսուսի միջոցով, որին մի փոքր ժամանակ չարչարակից պիտի լինէք, — թող վերականգնի, զօրացնի, հաստատահիմն դարձնի ձեզ: 11 Նրան իշխանութի՜ւն եւ փա՜ռք յաւիտեանս: Ամէն:
ՍԻՐԱՔ 28:22 Շատերն են ընկել սուսերի սայրից, բայց ոչ նրանց չափ, ովքեր ընկել են լեզուի երեսից:
ՉԱՐ ԼԵԶՈՒՆ ՍԻՐԱՔ 28:16 Մի երրորդ մարդու լեզուն շատերին սասանեց, նրանց ազգից ազգ հալածեց, 17 ամուր քաղաքներ կործանեց 18 եւ մեծամեծների տներն աւերեց: 19 Մի երրորդ մարդու լեզուն ջանասէր կանանց վռնդեց եւ նրանց զրկեց իրենց վաստակից: 20 Ով նրան լսի, հանգիստ չի գտնի եւ վստահ ու ապահով չի ապրի: 21 Մտրակի հարուածը վէրք է առաջացնում, իսկ լեզուի հարուածը ոսկորներ է փշրում: 22 Շատերն են ընկել սուսերի սայրից, բայց ոչ նրանց չափ, ովքեր ընկել են լեզուի երեսից: 23 Երջանիկ է նա, ով թաքնւում է նրանից, ով չի ճաշակել նրա ցասումը, ով չի քաշել նրա լուծը եւ ով չի կապուել նրա կապանքներով: 24 Նրա լուծը երկաթեայ լուծ է, եւ նրա կապանքները՝ պղնձէ կապանքներ: 25 Դաժան մահ է նրա մահը, դժոխքը լաւ է նրանից: 26 Թող նրա ձեռքը չլինի բարեպաշտների վրայ, եւ թող նրանք չայրուեն նրա բոցում: 27 Ովքեր Տիրոջը թողնեն, կ՚ընկնեն չար լեզուի ձեռքը, նրանց մէջ կը բորբոքուի այն ու չի մարի, նրանց վրայ կ՚ուղարկուի իբրեւ առիւծ ու նրանց կ՚ոչնչացնի ինձի նման: 28 Տե՛ս, քո կալուածքը ամրացրո՛ւ փշէ ցանկապատով: 29 Պի՛նդ կապած պահիր քո ոսկին եւ արծաթը, քո խօսքին չափ ու կշի՛ռ տուր եւ քո բերանին դուռ ու նի՛գ դիր: 30 Զգո՛յշ եղիր, որպէսզի չգայթակղուես լեզուից, չընկնես դարանակալ մարդու առջեւ: