- Последний пост
- 13 авг.
- Последнее чтение
- 15 авг.
- Постов за неделю
- 3
- Всего постов
- 22
- Тип
- открытый
- Язык
- und
- В каталоге с
- 12 авг.
- 1/24сутки в ленте
- 32
- 1/48двое суток
- 36
- 1/72трое суток
- 39
Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.
Посты
Վերջին մի քանի իրադարձություններ ստիպում են կատարվողը դիտարկել ոչ թե առանձին դրվագներով, այլ մեկ ամբողջական համատեքստում։ Երեկ Ալիևը կրկին անդրադարձել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը՝ հիշեցնելով, որ, իր մեկնաբանությամբ, Երևանը ժամանակին չէր ցանկանում համաձայնել Ադրբեջանի և Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով հաղորդակցության երթուղու բացմանը։ Սակայն այստեղ կարևոր է ոչ միայն այն, ինչ է ասում Ալիևը, այլև այն, թե ինչ քաղաքական տրամաբանություն է դրված այդ հայտարարության տակ։ Ադրբեջանի նախագահի խոսքում 2020 թվականի պատերազմից հետո ձևավորված իրավիճակը ներկայացվում է որպես գործընթաց, որի շրջանակում Հայաստանը պետք է կատարի Ադրբեջանի կողմից առաջադրվող պայմանները։ Այսինքն՝ անցյալի իրադարձությունները պարզապես չեն հիշատակվում․ դրանք օգտագործվում են որպես այսօր Հայաստանի նկատմամբ պահանջներ ներկայացնելու քաղաքական հիմք։ Սա կարևոր է նաև այն պատճառով, որ Ալիևի հայտարարությունը հնչում է մի ժամանակահատվածում, երբ ադրբեջանական տեղեկատվական դաշտում շրջանառվում է մեկ այլ ուշագրավ տեքստ։ Այնտեղ արդեն բացահայտ պահանջվում է Հայաստանի իշխանություններից փակել Արցախի ներկայացուցչությունը, ապամոնտաժել Արցախի հետ կապված քաղաքական և կազմակերպական կառույցները, վերացնել «անջատողականության» խորհրդանիշները և նույնիսկ կատարել անհրաժեշտ սահմանադրական փոփոխություններ։ Եվ վերջում հնչում է սպառնալիքի ակնարկ. «…չհասնի անհրաժեշտությանը ավելի կոշտ մեթոդներով հիշեցնելու, թե ով է այսօր որոշում տարածաշրջանային օրակարգը»։ Այս երկու հայտարարությունները պետք է կարդալ միասին։ Ալիևը խոսում է Ադրբեջանի տարածաշրջանային պահանջների կատարման մասին, իսկ ադրբեջանական տեղեկատվական դաշտը նույն տրամաբանությունը տեղափոխում է Հայաստանի ներքին քաղաքական և իրավական տարածք՝ պահանջելով, թե ինչ պետք է փակվի, ինչ պետք է վերացվի և նույնիսկ ինչ պետք է փոխվի Հայաստանի Սահմանադրության մեջ։ Եվ այս ֆոնին երեկ պարզվում է, որ, ըստ հրապարակված տեղեկությունների, Հայաստանի Վերաքննիչ դատարանը արագացված ընթացակարգով քննելու է Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ սեփականության իրավունքի հարցը։ Բաքուն պահանջում է վերացնել Արցախի պետականության հետքերը, իսկ Հայաստանում նույն օրերին արագացվում է Արցախի ներկայացուցչության շենքի վերաբերյալ դատական գործընթացը. սա առնվազն պահանջում է շատ լուրջ հանրային և քաղաքական ուշադրություն։ Խնդիրը շենքը չէ։ Խնդիրը նույնիսկ միայն Արցախի ներկայացուցչությունը չէ։ Խնդիրը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան որոշումների սահմանն է։ Եթե Ադրբեջանը կարող է հրապարակայնորեն պահանջել, թե Հայաստանում ինչ կառույցներ պետք է փակվեն, ինչ խորհրդանիշներ պետք է վերացվեն, ինչ սահմանադրական փոփոխություններ պետք է կատարվեն, իսկ այդ պահանջների ֆոնին Հայաստանի ներսում տեղի են ունենում դրանց բովանդակությանը համահունչ գործընթացներ, ապա մենք պարտավոր ենք հարցնել՝ ո՞վ է ձևավորում Հայաստանի ներքին օրակարգը։ Այսօր՝ Արցախի պետականության հետքերը։ Վաղը՝ ո՞ր պահանջը։ Ստացվում է, որ Նիկոլի «խաղաղության օրակարգը» Բաքվի պահանջների կատարման օրակարգ է։ Խաղաղությունը չի կարող նշանակել, որ մի պետություն մյուսին թելադրում է՝ ինչ անել իր տարածքում, ինչ կառույցներ պահպանել կամ փակել, ինչ խորհրդանիշներ վերացնել և ինչ փոփոխություններ կատարել իր Սահմանադրության մեջ։ Խաղաղությունը ինքնիշխան պետությունների հարաբերություն է։ Թելադրանքը՝ ոչ։ Ուստի այսօր Հայաստանի իշխանություններին պետք է ուղղել մեկ պարզ հարց. Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն։
2023 թվականի բռնի տեղահանումը չի վերացրել և չի կարող վերացնել Արցախի ժողովրդի քաղաքական կամքը, նրա իրավունքները կամ այդ իրավունքների միջազգային պաշտպանության իրավաչափ պահանջը։ Ժողովրդին հայրենիքից բռնի հեռացնելը չի նշանակում նրան զրկել քաղաքական սուբյեկտ լինելու իրավունքից։ Արցախի ժողովուրդը զրկվել է իր հայրենիքում ապրելու հնարավորությունից, սակայն չի զրկվել իր քաղաքական ձայնից։ Այդ ձայնը պատկանում է ժողովրդին և չի կարող վերացվել վարչական որոշումներով, քաղաքական հայտարարություններով կամ որևէ այլ ուժի կամ մարմնի կամայականությամբ։ Այս համատեքստում Արցախի Հանրապետության Ազգային ժողովը պարզապես գործող կամ նախկին պետական կառույց չէ։ Այն Արցախի ժողովրդի կողմից ձևավորված և ընտրված ներկայացուցչական մարմին է, որը մարմնավորում է ժողովրդի հավաքական քաղաքական կամքը։ Հետևաբար դրա պահպանումը և շարունակական գործունեությունը ոչ թե ձևական կամ խորհրդանշական, այլ քաղաքական և իրավական անհրաժեշտություն է։ Ոչ մի այլ մարմին չի կարող նույն լեգիտիմությամբ փոխարինել ժողովրդի կողմից ընտրված Արցախի Ազգային ժողովին, քանի դեռ չկա ժողովրդի կողմից ընտրված նոր Ազգային Ժողով։ Չի կարելի ժողովրդի անունից խոսելու իրավունքը վերապահել այնպիսի կառույցների, որոնք չեն ստացել այդ ժողովրդի քվեն։ Արցախի ժողովրդի քաղաքական ներկայացուցչությունը չի կարող փոխարինվել ինքնահռչակված կամ նշանակված այլ ձևաչափերով։ Ժողովրդին հայրենիքից կարող են բռնի հեռացնել, բայց չեն կարող նրա փոխարեն վերաշարադրել նրա քաղաքական կամքը։ Արցախի Ազգային ժողովի գոյությունն ու գործունեությունը Արցախի ժողովրդի քաղաքական իրավունքների շարունակականության կարևորագույն ինստիտուցիոնալ երաշխիքներից են։ Այն ապահովում է ոչ միայն քաղաքական հիշողության պահպանումը, այլև ժողովրդի հավաքական դիրքորոշման ձևակերպումը, դրա հրապարակային արտահայտումը և միջազգային հարթակներում հետևողական ներկայացումը։ Միևնույն ժամանակ պետք է հստակ արձանագրել՝ Արցախի Ազգային ժողովը և Արցախի ժողովրդի քաղաքական ներկայացուցչությունը որևէ սպառնալիք չեն և չեն կարող լինել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության համար։ Արցախի ժողովրդի քաղաքական իրավունքների պաշտպանությունը և Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությունը հակադիր նպատակներ չեն։ Ընդհակառակը՝ ժողովրդավարական, իրավական և քաղաքական ներկայացուցչության պահպանումը պետք է դիտարկվի որպես տարածաշրջանային և միջազգային իրավաքաղաքական գործընթացներում հայկական շահերի պաշտպանության կարևոր բաղադրիչ։ Հայաստանի Հանրապետությունը չպետք է վախենա Արցախի ժողովրդի ձայնից՝ այդ ձայնը չի կարող դիտարկվել որպես Հայաստանի դեմ ուղղված գործոն։ Հակոբ Հակոբյան
ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի երեկվա համատեղ հայտարարությունը խաղաղության հերթական փաստաթուղթ չէ։ Այն Հայաստանի շուրջ ձևավորվող նոր տարածաշրջանային համակարգի նկարագրությունն է։ Եվ այդ համակարգի կենտրոնում TRIPP-ն է։ Տրանսպորտ, երկաթուղի, ավտոմայրուղի, էլեկտրահաղորդման գիծ, հեռահաղորդակցություն, Միջին միջանցք, ամերիկյան ներդրումներ, Ադրբեջանի հետ տնտեսական կապերի խորացում։ Սա միայն ճանապարհ չէ։ Սա համակարգ է։ Եվ այդ համակարգի վերաբերյալ Հայաստանի իշխանություններին ուղղված բազմաթիվ անհանգստացնող հարցեր են առաջանում։ Ըստ հայտարարության, ստացվում է, որ Հայաստանը պարզապես վերածվում է աշխարհաքաղաքական և տնտեսական հոսքերի համար անհրաժեշտ տարածքի, իսկ որոշումները կայացվում են այլ կենտրոններում։ Եվ հենց այստեղ է իրական վտանգը։ Քանզի ոչ մի տնտեսական նախագիծ չպետք է իրականացվի Հայաստանի ինքնիշխանության գնով։ Որովհետև պետությունը միայն սահմանագիծը չէ։ Պետությունը նաև իր տարածքի նկատմամբ իրական իրավազորությունն է, ռազմավարական ենթակառուցվածքների նկատմամբ վերահսկողությունը, անվտանգության ինքնուրույնությունը և սեփական ազգային օրակարգը ձևավորելու կարողությունը։ Այսօր մեզ փորձում են համոզել, որ ամեն ինչի անունը խաղաղություն է։ Ես ուզում եմ հասկանալ՝ այդ խաղաղության գինը ո՞րն է։ ✔️Եթե դրա գինը Արցախի վերջնական մոռացումն է, ապա սա հերթական հանցագործությունն է։ ✔️Եթե դրա գինը Հայաստանի ռազմավարական ենթակառուցվածքների նկատմամբ իրական վերահսկողության կորուստն է, ապա սա հերթական հանցագործությունն է։ ✔️Եթե դրա գինը արտաքին ուժերի կողմից Հայաստանի ապագայի ճարտարապետության որոշումն է, ապա սա հերթական հանցագործությունն է։ ✔️Եթե դրա գինը Հայաստանի՝ որպես ինքնուրույն քաղաքական սուբյեկտի աստիճանական վերածումն է ուրիշների նախագծերի տարածքի, ապա սա հերթական հանցագործությունն է։ Հայաստանը կարող է լինել տարածաշրջանային խաչմերուկ։ Բայց չպետք է դառնա տարածաշրջանային միջանցք՝ սեփական պետականության հաշվին։ Հայաստանը պետք է լինի ոչ թե ուրիշների նախագծերի օբյեկտ, այլ դրանց պայմանները սահմանող սուբյեկտ։ Եվ ես համոզված եմ. Հայաստանը չեն կլանում մեկ օրում։ Այն կարող են կլանել պայմանագրերով, ենթակառուցվածքներով, տնտեսական կախվածություններով և «խաղաղության» անվան տակ ստեղծվող նոր համակարգերով։ Այդ պատճառով այսօր մեզ պետք է ոչ թե էյֆորիա, այլ փաստաթղթեր։ Ոչ թե քարոզչություն, այլ պայմանագրեր։ Ոչ թե «խոստումները կատարված են», այլ՝ ո՞վ, ի՞նչ իրավունք է ստացել, ի՞նչ պարտավորություն է վերցրել Հայաստանը և ո՞վ է վերահսկելու այդ ամենը։ Որովհետև պատմությունը մեզ մի բան է սովորեցրել. Ինքնիշխանությունը առաջին հերթին կորցնում են ոչ թե այն ժամանակ, երբ փոխվում է դրոշը, այլ այն ժամանակ, երբ պետությունը դադարում է ինքնուրույն որոշել իր ճակատագիրը։
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների դեմ հարուցված քրեական գործով առաջին դատական նիստն ավարտվեց մեկնարկից ընդամենը 20 րոպե անց՝ դատավոր Հակոբ Մանուկյանի ինքնաբացարկով։ Նիկոլը փորձում է քրեականացնել այն հաստատությունը, որը դարեր շարունակ պահել է հայ ժողովրդի հավատը, ինքնությունը և պետականության գաղափարը։ Սակայն այսօրվա նիստը մեկ կարևոր փաստ արձանագրեց։ Բարոյականությունը իմ հայրենիքում չի մեռել։ Դատավորի ինքնաբացարկը, անկախ դրա իրավական հիմքերից, մեկ անգամ ևս ցույց տվեց, որ դեռ կան մարդիկ, ովքեր չեն ցանկանում իրենց անունը կապել պատմության այն էջերին, որտեղ արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին։ Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, սահմանափակումներ կիրառել, փորձել լռեցնել Եկեղեցին, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հաղթահարել է կայսրությունների հալածանքները, ցեղասպանությունը, խորհրդային բռնաճնշումները։ Կհաղթահարի նաև այս փորձությունը։ Իսկ նրանք, ովքեր այսօր իրենց քաղաքական օրակարգը կառուցում են Եկեղեցու դեմ պայքարի վրա, վաղը կանգնելու են պատմության դատաստանի առաջ։ Որովհետև պետությունը կարող է գոյատևել առանց բազմաթիվ իշխանությունների, բայց չի կարող գոյատևել առանց բարոյականության։ Իսկ բարոյականությունը իմ հայրենիքում դեռ չի մեռել։
Այս իմ հայրենիքն է, որի յուրաքանչյուր միլիմետրում Արցախ կա, Արցախի կարոտը կա, յուրաքանչյուր շնչում՝ վերադարձի հավատը։ Այս իմ հայրենիքն է, որտեղ այսօր անիշխանությունն ու քաոսը սպառնում են պետականությանը։ Այս իմ հայրենիքն է, որն այսօր առավել քան երբևէ մեր սիրո, մեր պատասխանատվության ու մեր պայքարի կարիքն ունի։ Ու ես կանգ չեմ առնելու, չեմ շնչելու մինչ այն օրը, երբ կրկին գրկեմ Արցախն ու Հայաստանը՝ ամբողջական, արժանապատիվ ու ազատ։
Հայրենիքս ոչ միայն քաղաքական, այլև ծանր բարոյական անկում է ապրում։ Իշխանությունը զավթած, Հայրենիքը հանձնած մարդիկ այսօր դատում են Հայրենիքը ազատագրած հերոսներին։ Հենց այսպես են դատում մեր ազգային արժանապատվությունը, մեր հաղթանակները և մեր պատմությունը։ Իմ սերունդը մեծացել է այս հերոսների օրինակով։ Նրանք են մեզ սովորեցրել, որ հայրենիքը չի նվիրաբերվում, չի վաճառվում, չի հանձնվում։ Իսկ այսօր նրանց փորձում են ներկայացնել որպես մեղադրյալներ, մինչդեռ իրական մեղադրանքը պատմությունն արդեն վաղուց է գրել՝ նրանց հասցեին, ովքեր հանձնեցին Արցախը, կեղեքում են Հայաստանը և այսօր համարձակվում են դատել հաղթանակ կերտած մարդկանց։ Դատավարության դահլիճներում կարելի է կեղծել գործեր, գրել պատվերով վճիռներ, բայց հնարավոր չէ վերաշարադրել պատմությունը։ Պատմության դատաստանը միշտ ավելի խիստ է, քան ցանկացած դատարանի վճիռը։ Դավաճանների անունները երբեք չեն ջնջվել պատմությունից։ Դավաճանը վաղ թե ուշ պատժվում է, իսկ դրա խարանը մնում է ոչ միայն մեղավորների, այլև նրանց սերունդների վրա։ Աշոտ Երկաթը հերոսապատում կերտողներից է, որովհետև ընտրել է պայքարի ճանապարհը։ Պատմությունը միշտ հերոսացնում է հայրենիքը պաշտպանողներին և անարգանքի սյունին է գամում հայրենիքը հանձնողներին։ Դատեք որքան ուզում եք հերոսներին։ Նրանց դատելով՝ դուք չեք փոխելու նրանց տեղը պատմության մեջ։ Փոխում եք միայն ձերը։
Այս խառնիճաղանջ օրերում ոմանք խելակորույս շտապում են Ազգային ժողով, ոմանք փող են «աշխատում», ոմանք աթոռի համար են կռիվ տալիս, իսկ ոմանք էլ այդ աթոռին այնպես են սոսնձվել, որ չեն կարողանում պոկվել։ Բայց բոլորին մի բան է միավորում՝ այդ ամենի անունը «պայքար» են դրել։ Իսկ իրական պայքարը Եռաբլուրում ու Եղբայրական պանթեոնում հանգչող մեր քաջորդիներինն է, Բաքվի բանտերում գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներինը, համբերատար սպասող Արցախինն է, բզկտվող ու շնչահեղձ լինող Հայաստանինը։ Եվ այդ պայքարի հիմքում մեր նահատակված քաջորդիների պատգամն է։ Այն պահանջում է Բաքվի բանտերից վերադարձնել մեր նախագահներին, պաշտոնյաներին, բարձրաստիճան զինվորականներին և բոլոր գերեվարված հայրենակիցներին, վերադարձնել Արցախը, պահպանել Հայաստանը, որպեսզի մի օր խաղաղվեն նաև մեր նահատակների հոգիները։ Քանի դեռ այս նպատակները մեր ազգային օրակարգի առանցքը չեն, մնացած բոլոր «պայքարները» լավագույն դեպքում ինքնախաբեություն են, իսկ վատագույն դեպքում՝ շեղում իրական պայքարից։
Գնացել էի Սրբազան Կեցավայր։ Բագրատ Սրբազանի հետ կարելի է անվերջ խոսել, անվերջ լսել նրան, անդադար սովորել նրանից։ Նրա ներկայությամբ միաժամանակ անցյալում ես, ապրում ես ներկայում ու հասնում ես ապագա, հուզվում ես, տխրում, լիաթոք ծիծաղում…լռում։ Բայց այդ ամբողջ ընթացքում հոգիս ցավում էր։ Ամաչում էի Աստծուց, Հայրենիքից, Սրբազանից, աշխարհից և ինքս ինձնից։ Ինչպե՞ս կարող է պատահել, որ մարդը, որն իր շուրջը լույս է սփռում, որի համար ամեն ինչից վեր Աստվածն ու Հայրենիքն են, որի մեջ այնքան Սեր, Բարություն և Խաղաղություն կա, հենց իր Հայրենիքում ենթարկվի հետապնդման։ Սա հենց մեր խղճի, մեր արժեհամակարգի և մեր պետության բարոյական վիճակի չափանիշն է։ Ու քանի դեռ լույսից են վախենում, նշանակում է՝ խավարն է փորձում իշխել։
https://youtu.be/TL2gLIwNdms?si=s0LfH9E11osmGwvi
Անկախ նրանից, թե Երևանի երաժշտական դպրոցում տեղի ունեցած միջադեպը եղել է մեկ պաշտոնյայի անձնական որոշման հետևանք, թե ոչ, այն բացահայտում է շատ ավելի խորքային խնդիր։ Երբ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը՝ Արցախի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը, կարող է ընկալվել որպես «հակապետական», դա արդեն ոչ թե մեկ նկարի, այլ մեր հավաքական հիշողության նկատմամբ ձևավորված վտանգավոր վերաբերմունքի մասին է։ Մշակութային ինքնությունը քաղաքական իրավիճակից կախված արժեք չէ։ Այն ժողովրդի պատմական հիշողությունն է, մշակույթը, խորհրդանիշներն ու ինքնաճանաչումը։ Եթե ոմանք վախենում են Արցախի անունից, խորհրդանիշներից կամ մշակութային ժառանգությունից, ապա հրաժարվում են մեր պատմական հիշողությունից։ Եթե Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի մշակութային ժառանգության նյութական մասը, ապա Հայաստանում չպետք է վտանգվի դրա ոչ նյութական բաղադրիչը՝ հիշողությունը, անվանումները, խորհրդանիշներն ու մշակութային ինքնությունը։ Սա քաղաքական հայացքների մասին չէ։ Սա պատմական հիշողության, մշակութային իրավունքների և ազգային արժանապատվության մասին է։ Պետությունը, կրթական հաստատություններն ու մշակութային կառույցները պարտավոր են պահպանել այդ հիշողությունը, ոչ թե ստեղծել միջավայր, որտեղ մարդիկ սկսում են ինքնագրաքննության ենթարկել սեփական պատմությունն ու ինքնությունը։ Հիշողությունը կորցրած ժողովուրդը չի կարող ապագա ունենալ։ Հ.Գ. Եթե այս պատմությունն ունի հաղթող, ապա դա Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենը չէ։ Հաղթողը երեխան է, որը նկարով պատմում է իր հիշողության մասին, և այն ուսուցչուհին, որը չդավաճանեց իր արժեքներին։ Նկարը կարելի է հանել պատից, բայց անհնար է ջնջել այն հիշողությունը, որը մարդիկ պատրաստ են պաշտպանել նույնիսկ անձնական կորուստների գնով։
🏛 «Եթե Արցախի Ազգային ժողովը նախագահ չընտրի, կստացվի, որ Նիկոլի ծրագիրն իրականացավ՝ Արցախը հանձնել ու լուծարել հենց արցախցիների ձեռքով» Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ Արցախի Ազգային ժողովը շարունակում է մնալ արցախահայության միակ լեգիտիմ ներկայացուցչական մարմինը, և դրա պահպանումը կենսական նշանակություն ունի։ Նրա գնահատմամբ՝ եթե պատգամավորները չկարողանան ընտրել նոր նախագահ, ապա կստացվի, որ իրականացվել է Արցախի պետական ինստիտուտների լուծարման ծրագիրը՝ հենց արցախցիների ձեռքով։
https://youtu.be/Csm_R3FfWGw?si=Bq40siZQnfnY6k5Y
https://youtu.be/LsDJexiq5h0?si=QhGszkkB79MWEuo2
2023թվականին, Արցախի հայաթափումից և Արցախի բնիկ ժողովրդին իր հայրենիքից բռնի տեղահանելուց հետո, շատերը խոսում էին, թե Արցախի պետական ինստիտուտների պահպանումը Հայաստանում լինելու է ապագա վերադարձի քաղաքական, իրավական և ազգային հենարանը։ Այսօր, սակայն, իրականությունը բոլորովին այլ է. Արցախը փաստացի չունի գործող նախագահ, Ազգային ժողովի նախագահը հրաժարական է տվել, կառավարությունը կազմաքանդված է, իսկ այն համակարգը, որը պետք է լիներ Արցախի ժողովրդի քաղաքական և իրավական ներկայացուցչության հենարանը, կաթվածահար է։ Սա երեք տարվա քաղաքական ձախողումների արդյունք է։ Այո, Հայաստանի իշխանությունները հետևողականորեն դուրս մղեցին Արցախի հարցը պետական քաղաքականության առաջնահերթություններից՝ ոչ միայն չձեռնարկելով բավարար քայլեր Արցախի ինստիտուտների պահպանման ուղղությամբ, այլև ամեն ինչ արեցին այդ ինստիտուտները կազմաքանդելու համար։ Բայց նույնքան մեծ պատասխանատվություն են կրում նաև Արցախի պետական ինստիտուտների ներկայացուցիչները, որոնք չեն կարողանում պահպանել նույնիսկ պետականության վերջին ինստիտուցիոնալ հենարանները: Ներքին հակասությունները, անձնական հավակնությունները, արհեստածին հարցերի շուրջ անվերջ վեճերը և քաղաքական անգործությունը վերջնականապես թուլացրին այն, ինչ դեռ հնարավոր էր պահել։ Ամենամեծ հարվածը հասցվել է ոչ թե որևէ պաշտոնյայի հեղինակությանը, այլ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը։ Տասնյակ հազարավոր արցախցիներ այսօր չունեն այնպիսի միասնական քաղաքական ներկայացուցչություն, որը կկարողանա հետևողականորեն պաշտպանել նրանց հավաքական իրավունքները, սեփականության իրավունքը, վերադարձի պահանջը և քաղաքական ձայնը։ Այս պայմաններում վերադարձի իրավունքի մասին խոսելը կորցնում է իր քաղաքական ծանրակշիռ բովանդակությունը։ Վերադարձի պայքարը չի կարող հիմնվել միայն հայտարարությունների վրա. այն պահանջում է գործող, լեգիտիմ և կենսունակ ինստիտուտներ, որոնք կկարողանան ներկայացնել Արցախի ժողովրդի իրավունքներն ու շահերը։ Եթե այսօր չվերաիմաստավորվեն Արցախի պետական ինստիտուտները՝ նոր լեգիտիմությամբ, նոր պատասխանատվությամբ և ազգային համախմբման հիմքով, վաղը կարող է ուշ լինել։ Պատմությունը չի ներում այն ժողովուրդներին, որոնք կորցնում են ոչ միայն իրենց հայրենիքը, այլև այն կառույցները, որոնց միջոցով պետք է պայքարեն այդ հայրենիքը վերադարձնելու համար։ Ժամանակն է ոչ թե հերթական հայտարարություններ անելու, այլ ստեղծելու այն քաղաքական կենտրոնը, որը կկարողանա վերածել վերադարձի իրավունքը ոչ թե կարգախոսի, այլ պետական ռազմավարության։ Հակոբ Հակոբյան
Քոչվոր ցեղի առաջնորդը, ՀՀ իշխանությունների կողմից հանձնած Շուշիից, նորից Հայաստանի սուվերեն տարածքների նկատմամբ իր նկրտումների մասին է հայտարարում։ Ալիևի հայտարարության ամենաէական հատվածը ոչ թե այն է, որ նա կրկին օգտագործեց «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը, այլ այն, որ նա փորձեց ներկայացնել այդ նախագիծը որպես միջազգային համաձայնության առարկա՝ պնդելով, թե ԱՄՆ ղեկավարությունը հասկացել է դրա կարևորությունը, Հայաստանին բացատրել է դրա անհրաժեշտությունը, իսկ Սպիտակ տանը ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ։ Ամենամեծ մտահոգությունն այն է, որ Ադրբեջանը հինգ տարուց ավելի հետևողականորեն առաջ է մղում «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը։ Եթե այսօր նույն ճանապարհը ներկայացվում է այլ անվանմամբ, դա ինքնին չի պատասխանում առաջացած որևէ հարցի։ Ու ստացվում է, որ ՀՀ իշխանությունների կողմից Արցախի հանձնումը ոչ թե վերացրեց այդ պահանջը, այլ ընդամենը տեղափոխեց Ադրբեջանի հաջորդ թիրախը դեպի Սյունիք։ Այդ պատճառով այսօր Հայաստանի իշխանությունը ոչ թե ընդհանուր հավաստիացումներ պետք է տա, այլ պիտի հրապարակի բոլոր պայմանավորվածությունները։ 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի ռազմավարական պահանջները չեն փոխվել։ Արցախի հայաթափումից հետո բաքուն շարունակել է առաջ տանել իր «հաղորդակցային», բայց իրականում՝ զավթողական օրակարգը։ Իսկ մայր Հայաստանի օրվա իշխանությունների կեցվածքն ու պահվածքը թույլ չեն տալիս լավատես լինել…
Հայաստանում արդեն ութ տարի իշխանությունը բռնազավթած վարչախումբը հետևողականորեն քանդում է հայկական պետականության բոլոր հենասյուները։ Ոչնչացվել է թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը, խաթարվել են պետական ինստիտուտները, արժեզրկվել են օրենքն ու արդարադատությունը։ Ընտրակեղծիքներով, ընտրակաշառքով, վարչական ռեսուրսի բացահայտ չարաշահմամբ երրորդ անգամ վերարտադրված այս իշխանությունն այսօր վախով է կառավարում երկիրը։ Վենդետան դարձել է պետական քաղաքականություն, իսկ քաղաքական հետապնդումները՝ իշխանությունը պահպանելու հիմնական գործիքը։ Պատրաստվում է Սահմանադրության հերթական փոփոխությունը՝ ոչ թե հանուն Հայաստանի, այլ հանուն Նիկոլի քաղաքական օրակարգի։ Միաժամանակ բանտեր են նետվում բոլոր նրանք, ովքեր չեն հրաժարվում իրենց համոզմունքներից և շարունակում են պայքարել Հայրենիքի համար։ Հայաստանը վերածվել է մի երկրի, որտեղ արդեն նույնիսկ կանանց նկատմամբ քաղաքական բռնաճնշումը սովորական երևույթ է դարձել։ Հերթական կին քաղբանտարկյալը Արեգնազ Մանուկյանն է։ Բանտերում են ազգային արժանապատվությունը չվաճառած գործարարները։ Արդեն տասներեք ամիս որևէ իրավական հիմնավորման բացակայությամբ անազատության մեջ է պահվում աշխարհահռչակ գործարար և բարերար Սամվել Կարապետյանը։ Օրեր առաջ նույն հաշվեհարդարի հերթական զոհը դարձավ գործարար և բարերար Գագիկ Ծառուկյանը։ Փաշինյանը փորձում է հասարակությանը պարտադրել մի վտանգավոր պատկերացում՝ իբր հաջողության կարող են հասնել միայն նրանք, ովքեր թալանել են, հանցագործություն են կատարել։ Սակայն բարգավաճում ու անխոցելի են միայն այն գործարարները, որոնք խոնարհվում են իշխանության առաջ։ Իսկ նրանք, ովքեր պահպանում են արժանապատվությունը, պաշտպանում են Հայրենիքը, չեն համակերպվում Արցախի կորստի և Հայաստանի թուլացման հետ, ենթարկվում են հետապնդումների։ Կալանավորվում են քաղաքական գործիչներ։ Կրկին անազատության մեջ են Արմեն Աշոտյանն ու Ավետիք Չալաբյանը։ Հալածվում են հոգևորականներ, թեմերի առաջնորդներ, մտավորականներ, գիտնականներ, զոհված հերոսների ծնողներ, բարձրաստիճան զինվորականներ։ Հայաստանում արդեն անհնար է անուն առ անուն թվարկել բոլոր քաղբանտարկյալներին։ Հայաստանի Հանրապետությունը բռնազավթված է։ Հայաստանը չի ապրի, եթե չազատագրվի այս իշխանությունից։ Արցախի կորուստը չի կարող դառնալ ազգային համաձայնության հիմք։ Այն չի կարող ընդունվել որպես անշրջելի իրականություն։ Արցախի վերադարձի համար պայքարը ոչ միայն արցախցիների, այլ ամբողջ հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության գոյության պայքարն է։ Յուրաքանչյուր ոք, ով գիտակցաբար կոչ է անում համակերպվել Արցախի կորստի հետ, հրաժարվել վերադարձի պայքարից և այդ պարտությունը ներկայացնել որպես վերջնական լուծում, իմ համոզմամբ, գործում է Հայաստանի պետական շահերի դեմ։
Շատերի «քաղաքական ճամփորդությունների» հետևանքով Արցախը կամաց-կամաց մղվում է մոռացության, իսկ Հայաստանի գլխին եկած և դեռ սպասվող արհավիրքների նկատմամբ վերաբերմունքը կորցնում է իր անհրաժեշտ լրջությունը։ Դա ամենավտանգավոր հետևանքներից մեկն է, քանզի մոռացված պատճառներն ու դասերը լայնացնում են նոր ողբերգությունների ճանապարհը։
Պատերազմի օրերին զինվորական հոսպիտալ փոքրակազմ վիրավոր զինվոր բերեցին։ Նրա ոտքերը բառացիորեն մկաններից էին կախված՝ քրքրված։ Այսքան տարի անց էլ հիշում եմ այդ պատանու աչքերն ու հայացքը։ Լուռ էր։ Երբ հայացքներս հանդիպեցին, ինձ նույնիսկ թվաց՝ ժպտում է։ Երևի իմ աչքերում տեսավ այն սարսափը, որն ինքը վաղուց արդեն հաղթահարել էր։ Հաջորդ օրը իմացա, որ բժիշկներին չհաջողվեց փրկել նրա ոտքերը։ Այդպես էլ չիմացա՝ ապրե՞ց, թե՞ ոչ։ Բայց այդ փոքրակազմ, հզոր պատանին ինձ համար դարձավ մեր բոլոր հերոսների հավաքական կերպարը և այդպես էլ մնաց իմ սրտում։ Հայաստանի իշխանությունները ջնջում են մեր հերոսների որմնանկարները։ Գուցե կարծում են, թե պատերից նրանց պատկերները հեռացնելով՝ կջնջեն նաև իրենց պատասխանատվությունը։ Գուցե այդ հայացքներից են վախենում։ Գուցե հերթական անգամ փորձում են հաճոյանալ նրանց, ովքեր տարիներ շարունակ պայքարել են մեր ինքնության դեմ։ Բայց իրականում այս իշխանությունները պիտի սարսափեն ամենակարևորից. իրենք չեն կարող ջնջել այն գիտակցված ընտրությունը, որով այդ պատանիներն ու երիտասարդները, մեր հայրերն ու եղբայրները, գնացին զոհաբերության՝ հավատալով, որ Հայրենիքը պիտի լինի։ Հերոսների նկարները կարելի է հեռացնել պատերից, բայց նրանց հիշատակը հնարավոր չէ հեռացնել մեր սրտերից, մեր մտքից։ Փա՛ռք մեր քաջորդիներին։ Նրանք մեր սրտերում են, մեր հիշողության մեջ և մեր խղճի առաջ՝ որպես հավերժ պարտք։
Իսկ եթէ Քրիստոս ձեր մէջ է, ապա մարմինը մեռած է մեղքի համար, եւ հոգին կենդանի է արդարութեան համար
Սա Նիկոլի կողմից զավթված Հայաստանն է, որտեղ Սրբազանին դատում են Հայրենիքից չհրաժարվելու, Հայրենիքը պաշտպանելու և հանուն Հայրենիքի պայքարելու համար։ Ազգային արժանապատվությունն ու հայրենասիրությունը դարձել են մեղադրանքի հիմք, ինչի արդյունքում վտանգի տակ է պետության ապագան։